Ռուսաստանը դեմ է զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը, այդ թվում և Իրանում՝ ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հավելելով, որ Ռուսաստանը պատրաստ է աջակցություն ցուցաբերել Իրանին խաղաղ ատոմի զարգացման գործում։ Նրա խոսքով՝ Իրանն իրավունք ունի օգտագործել միջուկային տեխնոլոգիաներ խաղաղ նպատակներով։ ՌԴ նախագահը նշել է, որ ԱԷՄԳ-ն ոչ մի տվյալ չունի այն մասին, որ Իրանը փորձել է միջուկային զենք ստեղծել։               
 

Իմ սերունդը երբեք չի կարողացել խարիսխ գցել ու հանգիստ ապրել

Իմ սերունդը երբեք չի կարողացել խարիսխ գցել ու հանգիստ ապրել
06.04.2025 | 07:23

Ես էն սերունդն եմ, որը փողոցում տեսել ա Սևակին ու Շիրազին, Ֆրունզիկին ու Խորիկին, Արամ Խաչատրյանին ու Փարաջանովին, Մարտիրոս Սարյանին ու Մինասին։

Ես էն սերունդն եմ, որը բակում չլիկ դաստա ու պախկվոցի ա խաղացել, որը մի կոպեկանոց գազով ջուր ա խմել համընդհանուր օգտագործման բաժակով, որը պարաֆին ու սարի ծամոն ա ծամել, որն «Արարատի» ֆանտաստիկ խաղերն ա նայել՝ բալետի նման։

Ես էն սերունդն եմ, որը կինո «Նաիրիում» ոտքի վրա կանգնած «Ամարկորդն» ա նայել, որն իր մի ամսվա աշխատավարձով ձեռի վրից մի հատ դիսկ ա առել, որը ժամերով հերթ ա կանգնել Բուլգակովի գիրքն առնելու համար, որը սրճարանի անիմաստ խոսակցություններից ու անհամ սուրճից իր կյանքի սցենարն ա գրել։

Ես էն սերունդն եմ, որը տեսել ա ձնհալից հետո եկող լճացում, տաղտկալի ՍՄԿԿ համագումարներ, պերեստրոյկա, հարյուր հազարավորներ միավորող հանրահավաքներ, դաժան երկրաշարժ, կայսրության փլուզում, ծերությունը կորցրած ծնողներ, ապագան կորցրած երեխաներ, սառնամանիքին փողոցում կուչ եկած` մատնաքաշ ծախող տատիկներ, անկախություն, պատերազմ, մութ ու ցուրտ տարիներ, արտագաղթ ու տարագրություն, քաղաքական ցնցումներ ու եղբայրասպան կրակոցներ, ավազակաօլիգարխիական իշխանություն, հեղափոխություն, պանդեմիա, անդեմիա...

Իմ սերունդը երբեք չի կարողացել կառչել մի հաստատուն բանի, խարիսխ գցել ու հանգիստ ապրել, քանի որ էն ամենը, ինչը հավերժական ու կայուն ա թվացել, անընդհատ մեր աչքի առաջ փլուզվել ու ոչնչացել ա՝ երկիրը, փողը, արժեքները, մարդիկ, հարաբերությունները, քաղաքը...

Ու մենք, վերջապես, հասկացել ենք՝ ո՛չ թե ուղեղով, ո՛չ թե որպես գեղեցիկ խոսք, այլ մեր սեփական կյանքով, ժամանակի անիվների տակ նետած մեր ճակատագրով, որ ամեն ինչ անցողիկ ա և ունայնություն ունայնությանց։

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 9964

Մեկնաբանություններ